Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ 1990 թվականին։ Իր տեսակի մեջ ինքնատիպ գիտամշակութային հաստատություն է, ուր հավաքվում են ճարտարապետության, քաղաքաշինության և շինարվեստի պատմությանը, տեսությանը և գործնականին վերաբերվող տարաբնույթ նյութեր։

Թանգարանում հավաքված նյութերը ուսումնասիրվելուց հետո գրանցվում են և առնվում պետական պահպանության ներքո։

Թանգարանը գիտահետազոտական մշակութային հաստատություն է և զբաղվում է գիտական, հրատարակչական, գիտա-մեթոդական գործունեությամբ, կազմակերպում է ցուցահանդեսներ (նաև արտերկրում), մասնակցում հանրապետության գիտամշակութային և ուսումնական ծրագրերի զարգացման գործընթացին։ Թանգարանը, գիտական և ստեղծագործական կապեր հաստատելով, համագործակցում է ինչպես հանրապետության, այնպես էլ արտերկրի նմանատիպ մշակութային կենտրոնների, թանգարանների, գիտաուսումնական հիմնարկների և անհատ ճարտարապետների հետ։

Թանգարանում կազմակերպվում են ինչպես անհատական այնպես էլ խմբակային ցուցահանդեսներ (գեղանկարչական, գրաֆիկական, ճարտարապետական և այլն), մրցույթներ, շնորհանդեսներ, սեմինարներ, դասախոսություններ, գիտաժողովներ: Թանգարանում կազմակերպվում են նաև շրջիկ ցուցահանդեսներ: