Այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում բացվեց Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված հուշակոթողը։ Քանդակագործը Արտակ Համբարձումյանն է, ճարտարապետը` Հայկ Ասատրյանը։ Վեց մետրանոց կարմիր տուֆից պատրաստված հուշակոթողը կառուցվել է Տորոնտոյում Հայաստանի պատվո հյուպատոս Վան Լապոյանի բարերարությամբ։

Հուշակոթողի բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե ճակատը պաշտպանելու և թե երկրի ներսում կարգ հաստատելու»,- համոզված է եղել Արամ Մանուկյանը։

Արամ Մանուկյանը (1879-1919 թթ.) հայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալներից է, 20-րդ դարի սկզբի ազգային-քաղաքական ու պետական, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր գործիչներից է, ՀՀԴ կուսակցության անդամ է եղել: 1901-03 թթ-ին կուսակցության հանձնարարությամբ աշխատել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում: 1903թ-ին Կարսից զենք, զինամթերք և կամավորական խմբեր է փոխադրել Արևմտյան Հայաստան: 1904-08 թթ-ին գործել է Վանում, ապա Օրդու քաղաքում զբաղվել ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում: 1910թ-ին վերադարձել է Վան, դարձել Վասպուրականի հայության ամենաճանաչված գործիչներից: Եղել է 1915թ-ի Վանի ինքնապաշտպանության (ապրիլ-մայիս) կազմակերպիչներից ու ղեկավարներից, որի հաղթական ավարտից հետո ռուսական հրամանատարությունը նրան նշանակել է Վասպուրականի նահանգապետ (նահանգապետությունը գոյատևել է 70 օր): Հուլիսի 2-ին ռուսական զորքերի անակնկալ նահանջից հետո կազմակերպել է Վասպուրականի հայության գաղթը Արևելյան Հայաստան:

1916-17թթ-ին Մանուկյանը եղել է Թիֆլիսի Ազգային բյուրոյի անդամ. զբաղվել է հիմնականում արևմտահայ գաղթականության հարցերով: Մեծապես նպաստել է 1917թ-ի մայիսի 2–11-ը Երևանում Արևմտահայերի 1-ին համագումարի կազմակերպմանը: 1917թ-ին, որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ, Թիֆլիսից ժամանել է Երևան, գլխավորել նորաստեղծ Հատուկ կոմիտեն, որն օժտված էր լայն լիազորություններով, իսկ 1918թ-ի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել է դիկտատոր (արտակարգ լիազորություններ ունեցող պաշտոնատար անձ): Նա բազմաթիվ կոչերով և ուղերձներով դիմել է հայ ժողովրդին՝ կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար։ Կառավարության դերը կատարել է Մանուկյանի ջանքերով ստեղծված կառավարման վարիչների մարմինը, որի նախագահը և զինվորական գործերի վարիչն ինքն էր:

Մանուկյանը Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերի (1918թ., մայիս) ժամանակ ապահովել է հայկական բանակի թիկունքի անվտանգությունը: 1918թ-ի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը՝ մինչև Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարության ժամանումը (հուլիսի 23-ին) Երևան: Մանուկյանը Հայաստանի առաջին հանրապետության փաստացի հիմնադիրն է: Նա նոր կառավարության մեջ ստանձնել է ներքին գործերի նախարարի պաշտոնը, որի իրավասության տակ էին նաև լուսավորության, հաղորդակցության, պարենավորման ու խնամատարության ոլորտները, տեղական իշխանությունների ձևավորումը: Մանուկյանը մեծ ջանքեր է գործադրել հանրապետությունում պարենային ճգնաժամը մեղմելու, գրագրությունների լեզուն հայացնելու, հարյուրհազարավոր փախստականների և որբերի կացությունը հնարավորինս բարելավելու համար: Նրա անմիջական մասնակցությամբ երկիրը ձերբազատվել է հայոց պետականության նկատմամբ թշնամաբար տրամադրված մահմեդականներից: