Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ կարծում է՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը «սխալ է»։

Այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է գնալ հանձնաժողով, և ի՞նչ սպասելիքներ ունի՝ Արմեն Աշոտյանը պատասխանել է․

«Կուսակցությունում դեռ որևէ մեկը չի ստացել հրավեր աջակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, այդ թվում նաև՝ Սերժ Սարգսյանը։

Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը որևէ բան չունի թաքցնելու Ապրիլյան պատերազմից առաջ, ընթացքում և հետո եղած ռազմաքաղաքական վիճակի և արտաքին քաղաքական իրավիճակի մասին, իսկ եթե ունի թաքցնելու, ապա ոչ քննիչ հանձնաժողովից»,- հայտարարել է Աշոտյանը։

Նրա համոզմամբ՝ նման հանձնաժողովի ստեղծումը «սխալ է», քանի որ այն ստեղծվում է այն ժամանակ, երբ տվյալ կողմը պարտություն է կրում, «իսկ մենք չենք պարտվել»։

«Այն հանգամանքը, որ այդ հանձնաժովը ստեղծվել է Ազգային Ժողովում, անկախ նրանից, թե ովքեր են անդամները, ենթադրում է, որ հարցն ինքնին քաղաքական է։ Այն մասնագիտական քննարկման առարկա չի դառնալու, որովհետև հանձնաժողովի ներկայիս կարողությունները ոչ արտաքին քաղաքականության ոլորտում են, ոչ էլ՝ անվտանգային։ Ակնհայտ է, որ այն ստեղծվել է որպես Նիկոլ Փաշինյանի ջոկեր»,- հայտարարել է Արմեն Աշոտյանը։

Հանրապետական կուսակցության փոխնախագահը քննադատել է նոր կառավարության ներքին և արտաքին քաղաքականությունը՝ գործադիրին համարելով «ոչ համարժեք ծառացած խնդիրներին»։