ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն Ազգային ժողովում 2018թ-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ժամանակ ասել է, որ արտահանման ծավալների անկումը մտահոգիչ է:

Նախարարն անդրադարձել է թեմային՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված գյուղատնտեսության արտադրանքի արտահանման անկումը: Նա նաև նշել է, որ թեև Հայաստանում դինամիկ աճում է ՏՏ ոլորտը, սակայն վիճակագրության համաձայն, այստեղ ևս ծավալները նվազել են, հայտնում է Panorama.am-ը:

Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ արտահանելի և ոչ արտահանելի հատվածներում ունենք շահութաբերության մակարդակի տարբերություն՝ մոտավորապես 8 տոկոսային կետով:

«Փողն այդպիսի հատկանիշ ունի՝ գնում է այնտեղ, որտեղ ավելանալու հավանականությունը մեծ է և մեր ջանքերն ուղղված են նրան, որ փոխենք հենց այս կառուցվածքը»,- ասել է նախարարը:

Դրա համար, ըստ ֆինանսների նախարարի, կառավարությունն այնպիսի որոշումներ է ընդունել, որը հնարավարություն է տալիս աջակցել այն տնտեսվարողներին, որոնք ավելի շատ արտահանմանը միտված արտադրություն ունեն։

«Այո, արտահանման ծավալների անկումը մտահոգիչ է, սակայն Կառավարության ջանքը չի ուշանա: Հուսով եմ, որ մենք հաջողություններ կարձանագրենք այստեղ»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը։

Արկադի Խաչատրյանն էլ նշել է, որ կառավարությունը պետք է ունենա հստակ ռազմավարություն արտահանելի հատվածի զարգացման մասով: Ըստ նրա՝ առաջնային քայլերը պետք է լինեն ներմուծման փոխարինումն ու արտահանման խրախուսումը, բացի այդ պետք է մեծ ուշադրություն դարձնել տեխնոլոգիական վերազինմանը: