«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ վարչական տուգանքների բողոքարկման հարցում այլևս որևէ օժանդակություն չի ցուցաբերելու տուգանված այն վարորդներին, որոնք երթևեկել են առանց ամրագոտու:

Բացառություն կարվի միայն այն դեպքում, երբ վարորդը կապացուցի, որ տուգանվելուց առաջ երթևեկել է ամրագոտով:

«Հաշվի առնելով վերջին ամիսներին ՃՏՊ-ների թվի ավելացումը և դրան զուգահեռ զոհերի թվաքանակի ավելացումը, և այդ բոլոր դեպքերում անզեն աչքով էլ տեսանելի այն փաստը, որ զոհերը հիմնականում մեքենայից դուրս էին գտնվում կամ դիմապակին կոտրված էր, փաստում ենք, որ այդ ամենը կարող էր կանխվել, եթե մեքենայի մեջ գտնվող բոլոր մասնակիցները ամրակապված լինեին», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ սա արվում է հանուն երթևեկության անվտանգության բարձրացման, ՀՀ քաղաքացու գիտակցության բարձրացման, իրենց կյանքի նկատմամբ սեփական պատասխանատվության բարձրացման: