Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Կոպենհագենի համալսարանի միջև երկկողմանի նոր փոխանակային ծրագրի պայմանագիր է կնքվել: Ծրագիրը ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի և Կոպենհագենի համալսարանի Սննդաբանության և սպորտի ամբիոնների միջև 2016-2018թթ. իրականացրած ծրագրի հաջորդ փուլն է։

Նախորդ ծրագիրը ճանաչվել էր Կոպենհագենի համալսարանի ամենահաջողված միջազգային համագործակցական ծրագրերից մեկը, ինչը հնարավորություն է ընձեռնել շարունակել համագործակցությունը` ընդլայնելով երկկողմ հետաքրքրությունների շրջանակը: Կնքված պայմանագրի շրջանակում պլանավորվում են ոչ միայն սննդաբանության ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող դանիացի գիտնականների այցեր ԵՊԲՀ, այլև հայկական բուհի դասախոսական անձնակազմի այցեր Կոպենհագեն:

Բացի այդ ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներին հնարավորություն կընձեռվի կլինիկական սննդաբանության եռամսյա դասընթաց անցնել Դանիայում: Բժշկական համալսարանն իր հերթին ընդունելու է Կոպենհագենի համալսարանի սննդաբանության մագիստոսական շրագրի ուսանողներին, որոնք իրենց մասնագիտական պրակտիկայի մի մասը կանցկացնեն ԵՊԲՀ-ում: