Հայաստանի երկրորդ մայրաքաղաք Գյումրիում նշվել է քաղաքի օրը։

Գյումրին բնակավայր է եղել դեռ անհիշելի ժամանակներից։ Տարածքում հայտնաբերվել են հնագիտական (մ.թ.ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադար) հուշարձաններ։ Հնում ստացած Կումայրի անվանումը որոշ պատմաբաններ կապում են կիմերների հետ։ Կումայրի բնակավայրի մասին տեղեկություններ է հայտնում նաև Քսենոֆոնն իր «Անաբասիս» ստեղծագործությունում։ Հայ մատենագիրներից առաջինը Կումայրու մասին տեղեկություներ է հայտնում Ղևոնդ պատմիչը՝ նկարագրելով 773-775թթ-ին արաբ զավթիչների դեմ Արտավազդ Մամիկոնյանի գլխավորած ժողովրդական հուզումները։ Այնուհետև, դարեր շարունակ Կումայրի-Գյումրին նշանակալի առաջադիմություն չի ունենում։ Մինչև XIX դարի սկիզբը Գյումրին բազմիցս թալանվել է ու ավերվել։

Գյումրու զարգացման ամենանշանակալի շրջանը դարձավ XIX դարը, երբ 1804 թ.՝ ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ, այն հարակից տարածքներով հանդերձ մտավ Ռուսաստանի կազմի մեջ, այսինքն՝ շատ ավելի վաղ, քան ողջ Արևելյան Հայաստանը։ Պատմական տարբեր ժամանակներում բնակավայրը կրել է տարբեր անուններ։ Ամենահին աղբյուրը, որ թվագրված է Ք.Ա. VIII դարով, այն հիշատակում է Կումայրի անունով։ Այդպես է անվանվել նաև մ.թ. VIII դարում, ինչպես վերը նշեցինք, Ղևոնդ պատմիչի ձեռագրում։ Փաստորեն շուրջ 16 դար բնակավայրը հայտնի է եղել այս անվանումով։

Հետո երկար ժամանակ տեղեկություններ չկան, որից հետո սկսում է հիշատակվել «Գումիրի», «Գումրի», «Գյումրի» և այլ տարբերակներով, մինչև 1837թ-ը, երբ վերանվանվեց Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ Ռուսաց ցար Նիկոլայ Ա-ի կնոջ՝ Ալեքսանդրիայի։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից մի քանի տարի հետո՝ 1924թ-ին քաղաքը կոչվեց Լենինական՝ Վ.Ի Լենինի անունով։ Հայաստանի անկախացումից հետո 1991թ-ին շատ կարճ ժամանակով վերականգնվեց քաղաքի հնագույն Կումայրի անունը, որից հետո 1992թ-ին կրկին հաստատվեց միջին դարերից հայտնի Գյումրի տարբերակը։

Այսպիսով՝ յուրաքանչյուր տարի օգոստոսի 25-ին նշվում է Գյումրու օրը: Այն կրում է «Գյումրու օր»-ը՝ խորագիրը: Ամեն տարի կապված սրա հետ կազմակերպում են տարրաբնույթ ճանաչողական ու ժամանցային միջոցառումներ, ինչպես հայերին, այնպես էլ օտարազգիներին,ծանոթացնելու քաղաքի պատմության ու մշակույթի հետ: Այս տարի այն նշեց յուրովի՝ «Վարպետների քաղաք» խորագիրը կրող միջոցառման շրջանակում վաղ առավոտից սկսած բացօթյա տարաբնույթ միջոցառումներ անցկացվեցին քաղաքի տարբեր հատվածներում՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն: Սակայն նշենք, որ այս տարվա ամենակարևոր միջոցառումներից մեկը հիմնանորոգված «Շիրազի» փողոցի վերաբացումն էր:

Գյումրիում «Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում օգոստոսի 25-ին շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը: Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի թոռներին։ Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ` Աննա Հակոբյանի, դուստրերի հետ, ներկա էին բանաստեղծի որդին և դուստրը, բազմաթիվ հյուրեր, գյումրեցիներ։ Փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: 700 մետր երկարություն ունեցող փողոցում իրականացվել են փողոցի երթևեկելի մասի և մայթերի հիմնանորոգման աշխատանքներ: Տեղադրվել է ասֆալտի ծածկույթի 2 շերտ՝ 6 սմ հաստության ներքին շերտ և 4 սմ հաստության վերին շերտ: Անձրևաջրատար կոյուղացանցի մի մասը նոր է կառուցվել, իսկ մի մասը վերականգնվել է: Հոսանքալարերը վերգետնյայից տեղափոխվել են ստորգետյա, հին հենասյուները փոխարինվել են նորերով։ Փողոցի նորոգման աշխատանքերը մեկնարկել էին դեռ նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Կումայրի» արգելոցը տուրիզմի կենտրոնի վերածելու ծրագրով։ Նախնական որոշմամբ փողոցը սալիկապատվելու էր այնպես, ինչպես «Ռուսթավելի» փողոցը, ավելի ուշ ֆինանսական միջոցների սղության պատճառով որոշվեց փողոցը ասֆալտապատել՝ կարմիր ասֆալտով, սակայն հետագայում այդ ճոխությունից ևս հրաժարվեցին։ Նշենք նաև, որ օրվա առիթով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը բաց նամակ է հղել․

«Այսօր ես Հայաստանի նախագահն եմ, սակայն քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ և առաջ որպես հայ, որպես մարդ, ով լավ գիտի, թե ինչ է Գյումրին, ով է գյումրեցին: Այո, ինձ բախտ է վիճակվել այցելել աշխարհի շատ հին ու նոր քաղաքներ, որոնք բոլորն էլ ունեն իրենց հմայքն ու գրավչությունը: Սակայն քո բացառիկ բնույթն ու ոգու մաքրությունն են, որ էլի ու էլի կանչում են ինձ քեզ մոտ։ Սա է պատճառը, որ ես քեզ այցելող ցանկացած օտարերկրացու, ինչպես նաև Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին ասում եմ՝ ինչպե՞ս կարող են չսիրահարվել քեզ այնպես, ինչպես ես սիրահարվեցի»: