Կառավարությունը նախատեսում է կրճատել ջրի կորուստը Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանում։ Նպատակի իրականացման համար Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով հորերը կլուծարվեն կամ կկոնսերվացվեն։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված կառավարության որոշման նախագծի համաձայն, աշխատանքների համար շրջակա միջավայրի նախարարությանը կհատկացվի մոտ 38 մլն դրամ։ Նախատեսվում է կոնսերվացնել 97 խորքային հոր, ևս 8-ը կլուծարվի։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվում է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորման անհրաժեշտությամբ:

Խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում կառավարությունը նախատեսում է խնայել տարեկան շուրջ 30.0 մլն խմ ջուր։

Արարատյան դաշտավայրում արտեզյան ջրերի հետ կապված խնդիրը Խնդիրը ծագել է 2006թ-ից, երբ այնտեղ սկսեցին բացվել մեծ քանակությամբ ձկնաբուծարաններ: Կարճ ժամանակում ձկնաբուծությունը դարձավ Արարատյան դաշտի ամենառեսուրսատար ջրօգտագործումը: