Մի քանի օր առաջ «Ռազմական Արխիվ 1990-1994»-ը հրապարակել էր լուսանկար, որի վրա պատկերված էր անհայտ երիտասարդ։

Ոչ ոք չգիտեր՝ ո՞վ է այդ մարդը, որտեղի՞ց է նա, ինչպե՞ս է դասավորվել նրա ճակատագիրը։

«Ռազմական Արխիվ 1990-1994» ֆեյսբուքյան էջում նշվում է․

«Լուսանկարը հրապարակելուց հետո, արձագանքեց նրա զարմիկը, ում օգնությամբ հաջողվեց կապ հաստատել մեր հերոսի հետ։

Ծանոթացեք՝

ԱՐԱՐԱՏ ՄԱԿԻՅԱՆ (Մոսի)

Ծնվել է 1974թ-ի հուլիսի 5-ին Ադրբեջանի ԽՍՀ Խանլարի շրջանում։

1988թ-ի դեկտեմբերի 6-ին ընտանիքով գաղթել է և բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Փոքր Մասրիկ գյուղում։

17 տարեկան հասակում Արարատը փախավ տանից և անդամագրվեց Վարդենիսի ինքնապաշտպանական ջոկատին։ 1993թ-ին Հովսեփ Հովսեփյանի ջոկատի կազմում մասնակցում է Քելբաջարի մարտերին։ 1994թ-ին ծառայությունը շարունակեց Չալյան Սերգեյի հրամանատարությամբ Եղնիկներում։

Ամուսնացած է, երկու որդու հայր է։ Այժմ Մակիյանների ընտանիքը շարունակում է ապրել Փոքր Մասրիկ գյուղում։

Ունենալով առողջական լուրջ խնդիրներ Արարատը երբեք չի խուսափել մարտի դաշտում գտնվելուց։ Սակայն, նրա հարուստ մարտական կենսագրության վկայություն գրեթե չի պահպանվել՝ ո՛չ փաստաթուղթ, ո՛չ վկայականներ, ո՛չ տեղեկանքներ։ Միայն մի քանի լուսանկար և տեսախրոնիկա։ Վարդենիսի շրջանի ԵԿՋ-ից փաստաթուղթ ստանալու փորձը ապարդյուն եր։

Եթե մեզ կարդում են համապատասխան իրավասություն ունեցող մարմինների ներկայացուցիչներ, ապա խնդրում ենք աջակցություն ցուցաբերել Արարատին այդ հարցում։

Եթե ձեզ բախտ վիճակվի հանդիպել պարոն Արարատ Մակիյանին, անպայման շնորհակալություն հայտնեք նրան՝ արժանի է»։