Դատախազությունը հաստատել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի, ծառայության աշխատակիցներ Գևորգ Խաչատրյանի, Սամվել Ադյանի և վերջինիս մտերիմ Տարոն Ավետիսյանի մեղադրանքը: Գործն ուղարկվել է դատարան: Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նշենք, որ օրեր առաջ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Միջնորդությունը, փաստորեն, մերժվել է:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն` գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին: «Դատալեքսում» առկա է նաև տեղեկատվություն մեղադրյալներին վերագրվող արարքների վերաբերյալ:

Մասնավորապես` «Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Սանասարյանը բազմիցս հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում:

Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ունենալով պետությունից միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով «Զորաշեն» ՍՊ ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին:

Նույն արարքի համար մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Խաչատրյանին:

Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը և հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս և նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ և տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինչը դրսևորվել է արդեն իսկ վերը նշված`Սամվել Ադյանին և Գևորգ Խաչատրյանին վերագրվող գործողություններով:

Բոլոր մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: