Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախօրեին ավելի քան վեց ժամ տևած բանակցություններից հետո հայտարարեցին, որ Մոսկվան և Անկարան ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից։

Ռուսաստանի ղեկավարն այդ պայմանավորվածություններն անվանեց «շատ կարևոր, եթե ոչ ճակատագրական»:

Հուշագիրը մամուլի ասուլիսի ժամանակ երկու լեզուներով կարդացին ՌԴ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն:

Պուտինի ու Էրդողանի կողմից համաձայնեցված հուշագիրը կազմված է 10 կետից, որում ասվում է.

1. Երկու կողմերը վերահաստատում են իրենց նվիրվածությունը Սիրիայի քաղաքական միասնությանն ու տարածքային ամբողջականության պահպանմանը, ինչպես նաև Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը:

2. Նրանք շեշտում են ահաբեկչության դեմ պայքարի իրենց վճռականությունը՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով, և Սիրիայի տարածքում անջատողական ձգտումներին դիմակայումը։

3. Այս համատեքստում «Խաղաղության աղբյուր» գործողության ներկայիս տարածք Թել Աբյադ և Ռաս Ալ Այն քաղաքների միջև կպահպանվի 32 կմ խորությամբ գոյություն ունեցող ստատուս-քվոն։

4. Երկու կողմերն էլ հաստատում են Ադանայի համաձայնագրի կարևորությունը, Ռուսաստանի Դաշնությունը կնպաստի ժամանակակից պայմաններում Ադանայի համաձայնագրի իրագործմանը:

5. Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են, որ 2019թ-ի հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ից սկսած Ռուսաստանի ռազմական ոստիկանության և սիրիական սահմանային ծառայության ստորաբաժանումները Սիրիա-թուրքական սահմանի սիրիական կողմում կօգնեն քրդական ազգային պաշտպանական ուժերի (YPG), ստորաբաժանումների և դրանց սպառազինությունների դուրսբերմանը Սիրիա-թուրքական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի 150 ժամվա ընթացքում: Այս պահից սկսած, ռուս-թուրքական համատեղ պարեկային ծառայությունները կսկսեն սահմանից 10 կմ խորության վրա`սահմանից դեպի արևմուտք, և «Խաղաղության աղբյուր» գործողության տարածքից արևելք՝ բացառությամբ Քամիշլի քաղաքից:

6. YPG-ի բոլոր ստորաբաժանումները և նրանց սպառազինությունները դուրս կբերվեն Մանբիջ և Թալ Ռիֆատ քաղաքներից:

7. Երկու կողմերը ձեռնարկելու են անհրաժեշտ միջոցներ՝ ահաբեկչական տարրերի ներթափանցումը կանխելու համար:

8. Համատեղ ջանքեր կգործադրվեն փախստականների անվտանգ և կամավոր վերադարձը հեշտացնելու համար:

9. Սույն հուշագրի իրականացումը վերանայելու և համակարգելու համար կստեղծվի համատեղ մոնիտորինգի և ստուգման մեխանիզմ:

10. Երկու կողմերը կշարունակեն աշխատել «Աստանայի մեխանիզմի» շրջանակներում սիրիական հակամարտության քաղաքական լուծման ուղղությամբ և կաջակցեն Սահմանադրական հանձնաժողովի գործունեությանը: