Հոկտեմբերի 22-ին առաջին անգամ Հայաստանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Առաջին անգամ Հայաստանում «Արաբկիր» ԲԿ-ում մեր բելառուս գործընկերների հետ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից: Հիշեցնեմ, որ 2019թ-ին նաև առաջին լյարդի փոխպատվաստումն էր կատարվել մեծահասակին «Աստղիկ» ԲԿ-ում մեր ռուսաստանի գործընկերների հետ:

Նման բարդ վիրահատությունների կատարումը Հայաստանում խոսում է մեր բժշկության և բժշկագիտության զարգացման մասին: Բելառուս գործընկերների հետ փոխպատվաստումային բժշկության շուրջ համագործակցության մասին ես պայմանավորվել էի Բելառուսի առողջապահության նախարարի հետ 2019թ-ի հունվար ամսին Մինսկ կատարած իմ պաշտոնական այցելության ժամանակ, որին հետևել էր լայնածավալ վերապատրաստման ծրագիր 11 հայ մասնագետների համար Մինսկում:

Դոնորի և ռեցիպիենտի վիճակը այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին: Առողջություն եմ մաղթում նրանց», - ասվում է նախարարի գրառման մեջ։