Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2020թ-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 492.5 մլրդ դրամ, ինչը շուրջ 48 մլրդ դրամով ավելի է, քան 2019թ. ծրագրային ցուցանիշն է։ Այս մասին այսօր ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020թ-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ նշել է, որ այդ գումարներն ուղղվելու են կենսաթոշակների բարձրացմանը՝ միջինը 10 տոկոսով։

Նա հիշեցրել է, որ հաջորդ տարի նախատեսվում է նվազագույն կենսաթոշակի չափը դարձնել 26,5 հազար դրամ՝ 25,5 հազարի փոխարեն:

Նախարարը նշել է, որ 2020թ-ին աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կդառնա 18 000 դրամ 16000 դրամի փոխարեն, իսկ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ 800 դրամի փոխարեն։

Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներն էլ կկազմեն 26 500 դրամ՝ ներկայիս 25 500 դրամի փոխարեն:

Ըստ Զարուհի Բաթոյանի՝ նախատեսվում է շուրջ 33 646 զինկեսաթոշակառուների և 468 761 աշխատանքային կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերի բարձրացում: Ընդհանուր առմամբ, 502 հազար հոգու թոշակ կբարձրանա։