1988թ-ի երկրաշարժից տուժած 453 ընտանիքների նկատմամբ պետությունն ունի բնակարանով պահովման պարտավորություն, նրանցից 227 ընտանիք բնակարան գնելու հնարավորություն կստանա։ Այս մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ 2020թ-ի բյուջեում այս նպատակով հատկացվող գումարները շուրջ 6 անգամ ավելացվել են։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը նշել է, որ գրավոր հարցման արդյունքում պարզել են, որ 453 անօթևան ընտանիքներից 227-ը նախընտրել է բնակարանի գնման վկայագիր ստանալու տարբերակը, 8-ը` ինչ-ինչ պատճառներով հարցմանը չի մասնակցել, մնացածը հրաժարվել են բնակարանի գնման վկայագրերից։

Այս հարցումների արդյունքների հիման վրա քաղաքաշինության կոմիտեն կառավարությանն առաջարկում է 2019 թվականի պահուստային ֆոնդից անօթևան մնացած ընտանիքներին տրամադրել 1.2 մլրդ դրամ: Ղուլարյանի խոսքով` այդ գումարից 535 մլն-ը կհատկացվի Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 90 ընտանիքի, 674 մլն-ը` Լոռու 121 ընտանիքի, 81 մլն-ը՝ Արագածոտնի 16 ընտանիքի։ Ղուլարյանը նշել է, որ գումարը տրամադրվելու է միայն ժամանակավոր կացարանն ազատելու և տնակը քանդելու դեպքում: