2020թ-ին ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի: Այդ մասին հայտարարել է «Բնակչության հատուկ սպասարակում» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը: Գրում է ՊանԱրմենիան-ը։

«Մենք ուսումնասիրել ենք այդ ոլորտի օրենսդրությունը, օրենքի հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում: Կան ներդրողներ, որոնց հետաքրքրում է սա, նրանք պատրաստ են գումար ներդնել և դիակիզարան բացել: 2020թ-ին Հայաստանում 2 դիակիզարան կբացվի»,- ասել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ ներդրողներն ուսումնասիրել են հարցը և եկել այն եզրակացության, որ ՀՀ-ում կա նման պահանջարկ:

«Մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան: Եվ կարևոր չէ, թե ինչպի՞սին է այս հարցում եկեղեցու կամ որոշ քաղաքացիների մոտեցումը, մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ մարդիկ դին տարել են Մոսկվա, այնտեղ հրկիզել են և աճյունի հետ վերադարձել, քանի որ այստեղ դա հնարավոր չէր անել»,- ասել է տնօրենը:

Նա հավելել է, որ դիակիզումը ավանդական հուղարկավորությունից քիչ ծախսեր է պահանջում:

Ըստ Իսկանդարյանի, թաղման ոլորտն իր խնդիրներն ունի: Միայն Երևանում տարեկան 1.8 հա է հատկացվում գերեզմանոցներին, իսկ պաշտոնապես բոլոր 21 գերեզմանոցների ընդհանուր մակերեսը 530 հա է:

«Եվ դա միայն թղթի վրա, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ոչ պաշտոնապես յուրաքանչյուր գերեզմանոց ավելի շատ տեղ է զբաղեցնում, քան փաստաթղթերում է նշված: Գերեզմանոցը շատ «արագ աճող օրգանիզմ է»,- հավելել է Իսկանդարյանը:

Այժմ Երևանում գերեզմանների համար հողի հատկացումները պաշտոնապես անվճար են՝ հանգուցյալի հարազատները միայն 26,900 դրամ պետք է վճարեն փորելու համար: Սակայն, ըստ տնօրենի, շուտով նախատեսվում է վճարովի դարձնել հողի հատկացումները՝ վերահսկելու համար գերեզմանոցների տարածքի աճը:

«Հողամասերն անվճար են հատկացվում և մարդիկ հաճախ չարաշահում են դա՝ ավելի շատ տարածք զբաղեցնելով, քան անհրաժեշտ է: Հողամասի վաճառքը խնդրի միակ լուծումը կարող է լինել անընդհատ ընդլայնվող գերեզմանատների պարագայում: Այլ տրամաբանական լուծում մենք չենք տեսնում»,-ասել է Իսկանդարյանը: