Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ բեմադրվել է «Թռիչք կկվի բնի վրայով» դրաման:

Այն պատմություն է այն մասին, թե ինչպե՞ս է մարդ արարածը ընդվզում հիվանդ իրականության դեմ։ Զոհաբերելով ինքն իրեն, փորձում է հույս ներշնչել ապրելու բոլոր նրանց, ովքեր մոլորվել են և փորձում են փախուստի դիմել իրականությունից։ Բանտից խուսափելու համար Ռենդլ Պատրիկ Մաքմերֆին ձևացնում է իրեն խելագար և հայտնվում է հոգեբուժարանում: Նրան զարմացնում է այն, թե ինչու են հիվանդները համակերպվում այստեղ տիրող կարգերի հետ, ավելին շատերը իրենց կամքով են եկել հիվանդանոց՝արտաքին աշխարհից փախչելու համար: Մաքմերֆին սկսում է ապստամբել՝ ընդվզում է հոգեբուժարանի գլխավոր բուժքրոջ՝ Ռեթչեդի սահմանած կանոնների դեմ և որոշում է հեղափոխություն անել հիվանդների կյանքում: Բեմադրության և վարկածի հեղինակ՝ ՀՀ Ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է։

Նշենք, որ ներկայացման մեջ հանդես է եկել 22 դերասան: Բեմադրիչ Արմեն Էլբակյանի խոսքերով աշխատանքը բավականին ծանր էր, ֆինանսական առումով՝ իրենց ուժերով են արել: Այս առիթով նոյեմբերի 27-ին թատրոնում տնօրինությունը մամլո ասուլիս անցկացրեց՝ պատասխանելով թատերագետների ու լրագրողներին հուզող հարցերին: Մամլո ասուլիսին մասնակցում էին տնօրեն Վարդան Մկրտչյանը, գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը և գլխավոր դերակատար Արմեն Մարգարյանը:

Ներկայացումն այս տարի թատրոնի բեմում կլինի նաև նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 6-ին և 13-ին, ինչպես նաև հունվարի վերջին: