ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) փորձագետների խումբն այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ քննարկումներ է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հետ:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ ՀՀ դատախազությունը մշտապես բաց է միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ դատախազության, ընդհանրապես դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացմանը միտված ծրագրերի, նախաձեռնությունների քննարկման համար: Դրանք, ըստ Դավիթ Մելքոնյանի, առավել նպատակային են ներկայումս, երբ Հայաստանում ակտիվորեն մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից ընդունված դատաիրավական բարեփոխումների ռազմավարության իրականացման գործընթացը, որում ՀՀ գլխավոր դատախազությանն առանցքային դերակատում է վերապահվել:

Փորձագիտական խմբի անդամները նշել են, որ ոլորտային բարեփոխումներին մեթոդաբանական և փորձագիտական աջակցության ցուցաբերման շրջանակներում իրենց կողմից իրականացվող փաստահավաք առաքելության նպատակն է կոնկրետ ուղղություններով պարզել շահառու մարմինների պատկերացումներն ու ակնկալիքները՝ նոր կառուցակարգերի ներդրումը հայաստանյան առանձնահատկություններին և բարեփուոմներում ներգրավված կառույցների կարիքներին առավել համապատասխան իրականացնելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, դատախազների պաշտոններում նշանակման նոր չափորոշիչների մշակմանը, նրանց ներկայացվող մասնագիտական, բարոյահոգեբանական, ինչպես նաև բարեվարքության հետ կապված պահանջների հստակեցմանը և իրացման մեխանիզմներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման շրջանակներում քրեական դատավարության թվայնացման գործընթացին:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն այս կապակցությամբ նշել է, որ Դատախազությունը գործուն քայլեր է ձեռնարկում դատախազների գնահատման էլեկտորնային համակարգի ներդրման ուղղությամբ, իսկ քրեական դատավարության թվայնացումը նախատեսված է իրականացնել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ արդեն նախանշված ընդունման գործընթացին զուգահեռ: Վերջինս կարևորվում է հատկապես քրեական գործերով իրականացվող դատախազական հսկողության օպերատիվության և արդյունավետության մակարդակի բարձրացման առումով:

Քննարկման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել խորհրդակցությունները առավել առարկայական դարձնելու վերաբերյալ: