Մեկնարկում են այս ուսումնական տարվա 12-րդ դասարանի ձմեռային պետական ավարտական քննությունները: Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, տեղի են ունենալու հայոց լեզվի և գրականության, դեկտեմբերի 25-ին՝ մաթեմատիկայի և 26-ին հայոց պատմության քննությունները: Քննություններն անցկացվելու են դպրոցներում: Ընդհանուր առմամբ հայոց լեզու հանձնելու է 3844 12-րդ դասարանցի՝ 247 թվով դպրոցում, մաթեմատիկա՝ 6287 հոգի՝ 352 դպրոցում և հայոց պատմություն՝ 8886-ը՝ 381 դպրոցում: Քննություն հանձնողները դպրոց պետք է ներկայանան ժամը 9-ին, քննությունները մեկնարկելու են ժամը 10-ին, տևելու են 120 րոպե:

Վաղն առավոտյան քննական թեստերը ԳԹԿ-ից կհասցվեն մարզերի մոտակա և մայրաքաղաքի դպրոցներ, ավելի հեռու բնակավայրեր դրանք հասցվել են վաղօրոք:

Արդյունքները հայտնի կլինեն քննությունը հանձնելու հաջորդ օրը՝ ժամը 14-ին: Իսկ ավարտական քննական առաջադրանքները ստուգելու է քննական կենտրոնի ղեկավարի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովները, քննության օրը` ժամը 14.00-ին, ԳԹԿ համակարգչային կայքում տեղադրված առաջադրանքների ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե հաստատության տնօրենն է:

Հիշեցնենք, որ պետական ավարտական քննություններ անցկացվում են տարին 2 անգամ՝ դեկտեմբերին և հունիսին: Դեկտեմբերին դրանք հանձնում են 12-րդ դասարանների այն աշակերտները, ովքեր այդ առարկաները որպես միասնական քննություն չեն հանձնելու: Նպատակն այն է, որ ավագ դպրոցի վերջին կիսամյակում շրջանավարտները կենտրոնանան այն առարկաների վրա, որոնցից քննություն են հանձնելու բուհ ընդունվելիս: