Անվտանգության և լրատվամիջոցների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է․

«Հայաստանում ձևավորվել է շատ հստակ պատկերացում, որ «ֆեյքը» վատ բան է։ Դա ոչ միայն սխալ կարծիք է, նաև վտանգավոր, ինքն իր մեջ պարունակում է ակնհայտ պահանջ, որպեսզի բոլորը ցանցում լինեն բաց:

«Ֆեյք» ասելով նկատի ունենք մարդու, որն իր անունով չի ներկայանում: Ելնելով խոսքի ազատությունից, նաև այն հանգամանքից, որ մարդ կարող է քաղաքացիական ակտիվիստ լինել կամ քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունենալ, ցանկանում է թաքցնել իր ինքնությունը, բայց ունի ասելիք: Միանշանակ դատապարտել ֆեյքերին, կարծում եմ, իր հետևից բերում է այն գաղափարը, որ հանրությունը մեծ հաճույքով թույլ չի տա արտահայտվել նրանց, որոնք պարզապես բաց խոսել չեն կարող: Վերջիվերջո մենք որպես երկիր արդեն ունենք ընդունված ազդարարի ինստիտուտ, որտեղ ենթադրվում է, որ մարդ կարող է իր ինքնությունը թաքցնելով՝ բացահայտումներ անել և պետությունը խրախուսում է»:

Ըստ Մարտիրոսյանի՝ իրավականը և բարոյախրատականը սկսել են խառնվել:

«Կոնկրետ Դիանա Հարությունյանի դեպքում փաստացի մեղադրանքներ են հնչում հոդվածներով, որ կային Ստալինի ժամանակ՝ ազգի դավաճանում և այլն: Հիշենք, որ կան բաներ, որոնք դատապարտելի են, բայց պատժելի չեն։ Եթե մեկ կեղծ օգտատեր կարողանում է խարխլել մի բան, խնդիրն այդ ինչ-որ մի բանի մեջ է, ոչ թե կեղծ օգտատիրոջ:

Իհարկե, խնդիրներ այսօր կարող են առաջանալ, քանի որ սոցիալական ցանցերը թույլ են տալիս ակտիվորեն և ագրեսիվորեն ներազդել տեղեկատվական դաշտի վրա, բայց մեկ է՝ պետք է սխալների ուղղում անել, ոչ թե ընկնել ֆեյքերի ու վհուկների որսով զբաղվել»,- ասել է փորձագետը:

Մարտիրոսյանը նշել է, որ ֆեյք բացահայտելով՝ խնդիրը չի լուծվում, նույն ապատեղակատվությունը կարող է տեղադրվել հայաստանյան ֆեյսբուքում Բաքվից, ի՞նչ են անելու այս դեպքում:

«Կարող են նույն Դիանա Հարությունյան անուն-ազգանունը նորից գրանցեն, ինչ ուզեն, գրեն իր անունից: Ընդհանրապես, զարմացա, որ Հայաստանից էր այդ ֆեյքը, շատ տիպիկ ադրբեջանական ձեռագիր էր, ընդունված ձև է՝ վերցնում, գրանցվում են կամ մի հայաստանցու պրոֆիլ կոտրում են։

Քաղաքական տեսանկյունից բարդ իրավիճակ էր Իրան-ԱՄՆ հարաբերությունների հետ կապված, բայց ֆեյքը լուրը տարածվեց, որովհետև կար ոչ հստակություն՝ Հայաստանի պետական դիրքորոշումից ելնելով։

Եթե դու դիրքորոշում չես հայտնում կամ օպերատիվ տվյալ չես տալիս, դատարակ տեղ է առաջանում, մարդիկ էլ ցանկություն ունեն իմանալու, և ինչ էլ գցես, հասարակությունը քաշում է»:

Փորձագետի խոսքով, վերջին շրջանում ֆեյքերի բացահայտումների գործընթացն արագանում է։

Ասուլիսին ներկա ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանն նշել է, որ ներկայումս Քրեական օրենսգիրքը չի պարունակում այնպիսի նորմեր, որոնցով կարող են հետապնդում իրականացնել կեղծ օգտատիրոջ նկատմամբ, որը տարածում կամ հրապարակում է կեղծ տեղեկությունները, որոնք ոտնահարում են հասարակական, պետական անվտանգությունը, մարդու սահմանադրական իրավունքները:

Նրա խոսքով, կոնկրետ Դիանա Հարությունյանի հետ կապված կանգնել են շատ վատ իրավիճակի առջև, քանի որ չունենալով կոնկրետ գործիքակազմ, առաջադրել են մի մեղադրանք, որը քիչ թե շատ առերևույթ վերաբերելի է, սակայն, ըստ էության, չի պարունակում այդ նորմը:

«Եթե 226 հոդվածով մեղադրանք է առաջադրված, որը կրոնական մոլեռանդության, ռասիզմի, ազգայնամոլության հոդվածն է, երբ անձի գործողություններն ուղղված են նման նպատակների, կեղծ օգտատիրոջ ցուցմունք-հայտարարությունից պարզ դարձավ, որ նրա նպատակները քաղաքական են: Սա այն հանցակազմն է, երբ շատ դժվար ապացուցելի է. եթե չլինի անձի խոստովանական ցուցմունքը, գրեթե անհնար է ապացուցել, որ անձի գործողություններն ուղղված են այդ նպատակներին»,- ասել է Հովհաննիսյանը:

Փաստաբանը կարծում է, որ այս գործն ի վերջո ունենալու է արդարացման դատական ակտ, քանի որ չկա կոնկրետ նորմ, որը կարգավորի այդ հարաբերությունները: