«Երեխաների մոտ սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ կա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ նորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ Մարի Դարակչյանը։

Դարակչյանի խոսքով, աշուն-գարուն ժամանակահատվածում երեխաների մոտ շատանում են հիվանդացության դեպքերը՝ կապված հանգամանքի հետ, որ երեխաները ավելի շատ են գտնվում փակ, քիչ օդափոխվող տարածքներում։

Բժիշկը նշում է՝ սուր շնչառական վարակների և գրիպի կանխարգելման համար կարևոր է հիվանդ երեխաներին մանկապարտեզ և դպրոց չուղարկելը, ինչպես նաև երեխայի գտնվելու վայրում ջերմային ճիշտ պայմանները պահպանելը. «Պետք է երեխային պահել տանը, տալ շատ հեղուկներ, առանց բժշկի ցուցման չօգտագործել հատկապես հակաբիոտիկներ»։

Գրիպի կանխարգելման համար, ըստ բժշկուհու, ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։ Բոլոր պոլիկլինիկաներում անվճար հիմունքներով տրվում է գրիպի դեմ պատվաստանյութ։

Մարի Դարակչյանը նշում է, որ պետք է հստակ տարանջատում անել. գրիպի դեմ պատվաստանյութը կանխարգելում է միայն այդ հիվանդության՝ a և b հարուցչի զարգացումը։ Աշնան երկրորդ ամսից պետք է պատվաստումը ստանալ՝ ձմռան ընթացքում հիվանդությունից խուսափելու համար։

Դիտարկմանը, որ շատ ծնողներ հրաժարվում են իրենց երեխաներին պատվաստումների տանել, Մարի Դարակչյանը պատասխանել է.

«Այսօր որոշ եվրոպական երկրներ թույլ չեն տալիս միայն ծնողին որոշել իրենց երեխաների պատվաստել թե ոչ։ Այսօր պետք է ծնողների համար իրազեկման քաղաքականություն որդեգրել, որպեսզի նրանք հասկանա՝ որքան կարևոր է պատվաստումը երեխայի համար»։

Եթե երեխայի մոտ ջերմությունը պահպանվում է 7 օր և ավելի, առկա է քնկոտություն և ախորժակի բացակայություն, ապա ըստ բժշկուհու, պետք է միանշանակ դիմել բժշկի.

«Այս դեպքում հետագա բարդություններից խուսափելն ավելի հեշտ կլինի։ Բարդությունները կարող են լինել թոքաբորբի տեսքով, մինիգիտների տեսքով։ Գրիպի բարդացումը կարող է բերել նաև միջին ականջի բորբոքումների»։