Փետրվարի սկզբին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Վադոդարա քաղաքում կբացվի առաջին «Արմաթ» ինժեներեկան լաբորատորիան։

«Գործակցության ֆորմատն այնքանով է բացառիկ, որ ոչ թե Հնդկաստանից են ապագա խմբակավարներ գալիս Հայաստան վերապատրաստման, այլ այստեղից են «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարներից երկուսը վեց ամսով մեկնում Հնդկաստան՝ այնտեղ անցկացնելու դասընթացներ երեխաների համար և վերապատրաստումներ՝ ապագա խմբակավարների համար», - նշել է «Արմաթ» ծրագրի համակարգող Աննա Սարգսյանը։

«Հնդկաստանի մեր գործընկերները, տպավորված այն արդյունքներով, որ իրենք տեսան Հայաստանում WCIT 2019թ-ին իրենց այցի ընթացքում ու դրանից առաջ, ուզում էին վստահ լինել, որ Հնդկաստանում գոնե մոտ որակ կստանան, այդ իսկ պատճառով խնդրեցին, որ մեր խմբակավարները գնան և դասընթացներ անցկացնեն», - հավելել է ԱՏՁՄ ներկայացուցիչը։