Ադրբեջանցի երգիչներ Աֆիկ Նովրուզովը և Անաս Ասկերովը պնդում են, որ Ադրբեջանի դեսպանատան առաջին քարտուղար Վուգար Մուստաֆաևը վերբալ և ֆիզիկական բռնություն է գործադրել իրենց հանդեպ՝ հայկական երգ կատարելու համարԱյս մասին գրում է «Ազատություն»-ը։

Ըստ երաժիշտների՝ Հին Նոր տարուն Թբիլիսիում գործող ադրբեջանական ռեստորաններից մեկում իրենք կատարել են Արսեն Շախունցի ռուսալեզու «Աղջիկ, կանգ առ» երգը: Դիվանագետ Վուգար Մուստաֆաևը, նախքան ծեծկռտուքը, բղավել է, որ այդ պահին հնչող երգը «հայկական երաժշտություն» է:

Երաժիշտներից Նովրուզովի կարծիքով, սակայն, երգը ռուսական է: Նա ասել է, որ չի հասկանում, թե ինչպե՞ս դիվանագետը չի կարողանում տարբերակել հայկական երգը ռուսականից:

Դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող Մուստաֆաևը, իր հերթին, միջադեպից հետո նշել է, որ երաժիշտները վիրավորել են իրեն՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել:

Երաժիշտներ Նովրուզովն ու Ասկերովն էլ հայտարարել են, թե դիմել են Ադրբեջանի դեսպանատուն՝ պահանջելով դադարեցնել Մուստաֆաևի գործունեությունը: