Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ սկսում է 2020թ-ի աջակցության ծրագիրը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին: ԲՀՊՏ-ների զարգացման գործընթացի մեկնարկում CNF-ը «Արփա» պահպանվող լանդշաֆտին հատկացրել է այս տարվա համար նախատեսվող ֆինանսական աջակցությունը, որը կազմել է 29 միլիոն 730 հազար դրամ: «Արփա», նախկին՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտին Կովկասի բնության հիմնադրամը աջակցություն սկսել է ցուցաբերել 2014թ-ից սկսած: Ընդհանուր առմամբ, 2014-19թթ. համար ԿԲՀ-ն «Արփա» ՊԼ-ին ցուցաբերել է մոտավորապես 185 հազար եվրոյի աջակցություն: Այս մասին հայտնում են Կովկասի բնության հիմնադրամից:

2019թ-ին ԿԲՀ-ի կողմից ՊԼ-ին հատկացվել է մոտավորպես 29 միլիոն դրամի օժանդակություն, որից տրվել են աշխատակիցների աշխատավարձերը, գնվել են վառելիք, պահեստամասեր, վճարվել են կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվել են այլ ծախսեր, այդ թվում, առաջին անգամ՝ ՊԼ-ի աշխատակիցների առողջապահական ապահովագրության համար:

Նշենք, որ պահպանության ուղղությամբ տարվող տարիների աշխատանքն արդյունք տվել է, այս պահպանվող տարածքում են նաև պարբերաբար տեսանկարահանվում պարսկական ընձառյուծը, բեզոարյան ածերը, գորշ արջը, այլ կենդանատեսակներ: