«Արմաթը»՝ ինժեներական լաբորատորիաներն այս օրերին ներկայացված են Հարավային Ասիայի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում։

16-րդ BASIS SOFTEXPO 2020-ը մասնավոր սեկտորի մեծամասշտաբ ցուցահանդես է, որի նպատակն է ցուցադրել IT և ITES արտադրանքներն ու ծառայությունները: Այն այս տարի ընթանում է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում փետրվարի 6-9։

«Արմաթը» ցուցահանդեսին մասնակցում է «Development Innovation Platform» (DIP) հիմնադրամի հրավերով, որի հետ նախկինում ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հիմնադրամը միտված է տարբեր շրջանակների փոխներգործությամբ (կառավարություն, մասնավոր սեկտոր, գիտական հանրություն) տեխնոլոգիական զարգացման խթանմանը։ Հատկանշական է, որ վերջինիս նպատակների ցանկում որպես առաջնահերթ կետ հստակ նշվում է Բանգլադեշի դպրոցներում Արմաթ լաբորատորիաների տեղադրման ու գործարկման անհրաժեշտությունը։

Ցուցահանդեսում Արմաթը ներկայացվում է, որպես դպրոցներում տեղակայված ինժեներական անվճար լաբորատորիա 10-18 տարեկան երեխաների համար, որը խթանում է աճող սերնդի մոտ ինժեներական հմտությունների զարգացումը։ Կազմակերպիչները նաև շեշտում են այն փաստը, որ նախագծի նկատմամբ իրենց հետաքրքրությունն են հայտնել այնպիսի պետություններ, ինչպիսիք են Հնդկաստանը, Մոնղոլիան, Վրաստանը, Եթովպիան, Աֆղանստանն ու Ռուսաստանը։

Նշվում է նաև, որ ցուցահանդեսին «Արմաթի» հարևանությամբ տեղակայված է ԱՏՁՄ անդամ «Instigate» խմբի «Instigate Robotics» ընկերության տաղավարը։