«Այբ» կրթական հիմնադրամը տեղեկացնում է, որ մեկնարկել է «Կենգուրու 2020» միջազգային մաթեմատիկական մրցույթը, որի գրանցումը երեխաների համար կտևի մինչև 2020թ. փետրվարի 17-ը: Մրցույթին մասնակցելու հրավեր է ուղարկվել է ՀՀ և Արցախի ավելի քան 1350 կրթական հաստատության, և կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող սովորողները:
«Կենգուրու 2020»-ն այս տարի կանցկացվի մարտի 19-ին՝ համախմբելով Հայաստանի և Արցախի հազարավոր երեխաների։

«Կենգուրուն» մաթեմատիկայի ամենամեծ մրցույթն է աշխարհում, որին մասնակցում է 80-ից ավել երկիր: Ի դեպ, մեր երկիրը՝ ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի, 2023թ-ին կհյուրընկալի «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ընկերակցության տարեկան գագաթնաժողովը, ինչը փաստում է մեր երկրում մրցույթի կազմակերպման և անցկացման դրական փորձի և բարձր մակարդակի մասին:

«Կենգուրուն» Հայաստանում անցկացվում է 2009թ-ից՝ 11 տարիների ընթացքում ունենալով 434,100 մասնակից ամբողջ Հայաստանից և Արցախից: Մրցույթի գրանցման մասին առավել մանրամասն ներկայացված է kangaroo.am կայքում:

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը։ Այն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Արցախում՝ Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո: