Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, դրա ղեկավար է նշանակվել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Հանձնաժողովի՝ հասարակական հիմունքներով աշխատող անդաները մինչև սեպտեմբերի 1-ը պետք է մշակեն Սահմանադրության փոփոխությունների նախագիծ։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ՀՀ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը, Տիգրան Մարկոսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը:

Հանձնաժողովի նախագահը 15-օրյա ժամկետում պետք է նիստ գումարի, որի ընթացքում կհաստատվի աշխատակարգը, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը։ Այն պետք է եռամսյա ժամկետում նախ՝ փոփոխությունների հայեցակարգը մշակի՝ հանրային քննարկում ծավալելով դրա շուրջ, ապա հայեցակարգի հիման վրա մինչև սեպտեմբերի 1-ը մշակի փոփոխությունների նախագիծ և ներկայացնի վարչապետին։