Գեղարքունիք մարզի Ծաղկունք գյուղում այս տարվա օգոստոսի մեկին տեղի կունենա «Լավաշի օր»-ը միջոցառումը: Միջոցառումը նվիրված է լինելու հայկական լավաշին, որը 2014թ-ին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-իմարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում և հանդիսանում է հայերի արժեհամակարգի կարևորագույն տարր:
Միջոցառման օրը գյուղը կերպարանափոխվելու է, բաժանվելու գոտիների ըստ հետաքրքրությունների:

Ըստ կազմակերպիչների, միջոցառումը նախատեսված է տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար: Ծաղկունքի հյուրերը ողջ օրը կարող են մասնակցել տարբեր միջոցառումների, բացահայտեն հայկական մշակույթի արդեն չօգտագործվող ծեսերը, ձեռք բերել նոր ծանոթություններ և ընկերներ: Մասնակիցները հնարավորություն կունենան համտեսել տարբեր ռեստորանների և տեղաբնակների ներկայացրած հայկական սնունդը և խմիչքները, այցելել գյուղաբնակներին, մասնակցել օղու թորման գործընթացին: Օրվա այցելուները կարող են հետևել լավաշի թխման գործընթացին, լսել դրա պատմությունները և մասնակցել թխման արարողությանը՝ սովորելու ինքնուրույն թխել լավաշ:

Օրը կանցնի ուրախ մթնոլորտում. հյուրերը կմասնակցեն տարբեր խաղ-մրցույթների, ներկա կգտնվեն թատերական ներկայացումներին:

Ի դեպ ներկայացված սննդի տեսականին, խմիչքները և ձեռքի աշխատանքները մասնակիցները կարող են գնել, նպաստելով գյուղացիներին և համայնքների զարգացմանը: Մեծ էկրաններով կցուցադրվի նաև լավաշի թխման վերաբերյալ հետաքրքիր պատմություններ:

Հաշվի առնելով, որ մասնակիցների մի մասն էլ կայցելեն երեխաների հետ, առանձին տարածք հատկացված է երեխաների հետաքրքրության համար, որտեղ երեխաները կխաղան նախապես պլանավորած հայկական հետաքրքիր խաղեր մասնագետների վերահսկողությամբ: Օրվա ընթացքում ելույթ կունենան ազգային և ժամանակակից տարբեր խմբեր, իսկ օրվա վերջում ելույթ կունենա սերբ աշխարհահռչակ երաժիշտ Էմիր Կուստուրիցան «No smoking orchestra» խմբի հետ: