Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է Քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարը, որն «Այբ» կրթական հիմնադրամի նոր ծրագիրն է՝ ուղղված բարձրագույն կրթության ոլորտում տաղանդավոր երիտասարդների բացահայտմանը:

Հիմնադրամից հայտնում են՝ ուսանողական մրցաշարի նպատակն է մեծացնել երիտասարդների հետաքրքրությունը քիմիայի նկատմամբ և նպաստել գիտության այս ճյուղի զարգացմանն ու նոր մասնագետների ներգրավմանը ամենատարբեր ոլորտներում։ Նոր մրցաշարը հիմնադրամի կողմից արդեն 10 տարի հաջողությամբ անցկացվող Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի տրամաբանական շարունակությունն է և նպատակ ունի ամրապնդելու կապն ինչպես գիտության, այնպես էլ մեր երկրի տնտեսության մի շարք ոլորտների հետ։ Գրում է Պանորամա-ն։

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը, ով մասնագիտությամբ քիմիկոս է և ղեկավարել է Շվեդիայի Ուփսալայի համալսարանի քիմիայի և քիմիական ճարտարապետության ֆակուլտետը, հատուկ ոգևորությամբ ողջունեց երիտասարդ քիմիկոսների մրցաշար անցկացելու նախաձեռնությունը։

«Քիմիայի շնորհիվ դուք կարողանում եք աշխարհը տեսնել մոլեկուլյար մակարդակով և իմանալ, թե ինչպե՞ս են կարող մոլեկուլները փոխգործակցել ու նոր բան ստեղծել». դիմելով երիտասարդ քիմիկոսներին՝ նշել է Կարին Մարկիդեսը և կոչ արել ոչ միայն սիրել իրենց մասնագիտությունը, այլ նաև ամուր պահել կապը միմյանց հետ։

Ողջունելով ներկաներին «քիմիական» այս տոնի կապակցությամբ՝ մրցաշարի համակարգող Նինա Հոբոսյանն ընդգծել է, որ մրցույթը երիտասարդներին իրենց գիտելիքները գործնականորեն իրացնելու լավ հնարավորություն է տալիս, ինչի արդյունքում ակնկալվում է, որ նրանք այս ոլորտը կհարստացնեն նոր գաղափարներով։

Սա թիմային մրցույթ է, որտեղ բակալավրիատի և մագիստրատուրայի՝ քիմիայով հետաքրքրվող ուսանողները դրսևորեցին բարդ քիմիական խնդիրներ լուծելու, լուծումները համոզիչ ձևով ներկայացնելու, գիտական քննարկումներ վարելու իրենց ունակություններն ու հմտությունները: Մրցաշարին մասնակցում էին 5 թիմ Հայաստանի տարբեր համալսարաններից: Եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել ու հաղթող է ճանաչվել «PR» թիմը, որի անդամները ներկայացնում էին Երևանի պետական համալսարանն ու Երևանի պետական բժշկական համալսարանը:

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի բնորոշմամբ՝ մրցաշարը նպատակ ունի ընդլայնելու ուսանողների ներգրավվածությունը գիտության ու արդյունաբերության մեջ, ձևավորելու ուսանողական թիմեր` տեխնոլոգիական խնդիրներ լուծելու համար։

Մրցաշարին ներկա էին նաև քիմիայի ոլորտում հայտնի մասնագետներ, դեղագործական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանց կարծիքով՝ մրցաշարը կարևոր հարթակ է՝ ուսանողների հնարավորությունները բացահայտելու և նրանց հետ նոր, ստեղծագործ ծրագրեր իրականացնելու համար:

Ժյուրիի անդամները վստահ են, որ մրցաշարը պետք է շարունակական լինի, քանի որ այն կարողացավ մեկ հարթակում համախմբել բոլոր սերունդների քիմիկոսներին և նոր ոգևորություն փոխանցեց այս գիտությամբ զբաղվողներին: