Առողջապահության նախարարությունը մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռևս առաջարկ չի ներկայացրել։ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն, ինչ երևում է Երևանի մետրոպոլիտենի կողմից հրապարակած տեսանյութում՝ չի կարող համարվել ոչ ախտահանում, ոչ էլ խոնավ մաքրում։

Հետևաբար, կոչ ենք անում նմանօրինակ աշխատանքներ ձեռնարկելիս դրանք քննարկել առողջապահության նախարարության հետ՝ մասնագիտական խորհրդատվություն ստանալու և գործընթացը լիարժեք կազմակերպելու համար։

Առաջիկայում նախարարությունը հանդես կգա նման առաջարկությամբ և կներկայացնի այն ուղեցույցը, որի համապատասխան՝ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվեն ախտահանման աշխատանքները»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մետրոպոլիտենը տարածել էր տեսանյութ՝ տեղեկացնելով, որ Երևանի մետրոպոլիտենի՝ «Բարեկամություն» և «Գարեգին Նժդեհ» կայարաններում հատուկ նյութերով ախտահանվում են բոլոր գնացքները»: