Հայաստանում ֆիզիկական անձն ամիսը մեկ անգամ հնարավորություն կունենա փոստային ծառայությամբ իր անունով դեղեր ստանալ:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 95 կողմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

«Գործող կարգավորման համաձայն՝ անձը սահմանը հատելիս կարող է իր հետ տեղափոխել դեղ, բայց եթե այն պատվիրում է փոստային առաքման միջոցով, ապա արգելվում է ստանալ այն: Անգամ եթե, օրինակ, հագուստի և այլ իրերի հետ մեկ տուփ գլխացավի դեղ է ուղարկվում, ամբողջ բեռը չի տրամադրվում քաղաքացուն, մինչև նա չի գնում Մաքսային ծառայություն ու չի գրում ոչնչացման մասին հայտարարագիր»,- բացատրել է պատգամավորը:

Գաբրիելյանի խոսքով՝ նոր նախագծով ստացվում է, որ անձը կարող է փոստով 9 տուփից ոչ ավելի դեղ ստանալ:

Նա նշել է, որ ռիսկերից խուսափելու համար մաքսային ծառայությունում վիճակագրություն կվարվի, կգրանցվի, թե ում անունով է ստացվել դեղը: