Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկումները վերածվեցին «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների հերթական դեբատի առիթի։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն անդրադարձավ Գևորգ Պապոյանի ելույթի ժամանակ Էդմոն Մարուքյանի տեղից արած «Զգույշ խոսի, քթիցդ արյուն չգա» ռեպլիկին։

Մարուքյանը ճշտեց, որ նկատի է ունեցել պատգամավորի չափից դուրս էմոցիոնալ ելույթը։

«Ես էլ կարող եմ այն մեկնաբանել որպես սպառնալիք իմ գործընկերոջ նկատմամբ»։,- պատասխանեց Քրիստինե Պողոսյան։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հակընդդեմ ելույթում ասաց.

«Եթե փոխխոսնակ Ալեն Սիմոյանն այստեղ լիներ, կասեր՝ պարոն Պապոյան, ամբիոնը մի ծռեք, ձեզ կարգին պահեք։ Այն, որ դուք ամաչում եք ձեր հանրապետական անցյալի համար՝ մենք մեղավոր չենք։ Երբ պարոն Մարուքյանը հաղթում էր հանրապետական թեկնածուին, դուք երազում էիք հանրապետական իշխանության գրկում տաքուկ տեղ ունենալու համար։ Հետո դա չստացվեց։ Հիմա դուք հեղափոխության գրկում եք տաքանում։ Ես ձեզ հասկանում եմ, դուք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու խնդիր ունեք, բայց միևնույն ժամանակ գոնե տարրական ինքանսիրությու ունեցեք ձեր անցյալի նկատմամբ»։

Խմբակցության անունից ունեցած ելույթում Էդմոն Մարուքյանն հիշեցրեց, որ քննարկվում է մի օրենք, որում բռնության կոչերը քրեորեն պատժելու առաջարկ կա։ Նկատելով, որ իշխանությունները միշտ ասում են, որ ատելություն չեն քարոզում՝ Մարուքյանը հայտարարեց.

«Բայց իշխանության ներկայացուցիչները երբեք էլ չեն դատապարտում նման կոչերը։ Ինչո՞ւ չեն դատապարտում։ Որովհետև դրանք իրենց ձեռնտու են։ Որովհետև այդ խոսքը ձեզ աջակցող խոսք է։ Այ, երբ որ այդ խոսքը դարձավ ձեզ չաջակցող՝ այս օրենքի հոդվածը կսկսեք կիրառել։ Վարչապետի վերջին ելույթից հետո, երբ ասաց «հակապետական ուժեր», ես ստանում եմ բազմաթիվ նամակներ, որոնք ասում են, որ մենք հակա ենք։ Այդ ելույթի գիշերը մարդն ինձ նամակ է գրել, սպառնացել, որի հիման վրա քրեական գործ կա հարուցած։ Դրանք բոլորը ձեր աջակիցներն են։ Նրանք ձեր դեմ ուղղված քննադատական խոսքն են փորձում լռեցնել՝ հայհոյանքով, զրպարտության խոսքով։ Դրան է գումարվում նաև youtube-ի ձեր ալիքները, որոնք մարդկանց մասին տեսանյութեր են պատրաստում սիրուն գլխագրերով, որպեսզի դիտում ապահովվի։ Կես միլիոնի հասնող youtube-ի ալիքները ձեր քարոզով են զբաղվում»,- հայտարարեց պատգամավորը և ներկայացրեց Էջմիածնի վերջին դեպքերը.

«Էջմիածնում թաղում են արել, ձեզանից ո՞վ է դատապարտել։ Էջմիածնի քաղաքապետն էլ ասել է՝ ես նորմալ եմ նայում։ Հետո ասում եք՝ եկեք «Ոչ» -ի շտաբ բացեք։ Որ հանկարծ «Այո»-ի կողմնակիցը «Ոչ»-ի կողմնակցի գլխին քարով տա, սպանի, ո՞վ է պատասխան տալու։ Դուք եք պատասխանատուն, որվհետև դուք եք ժպտում նման դեպքերում։ Տղանե՛ր ու աղջիկնե՛ր, դեմն առեք»։

Սարգիս Խանդանյանն էլ «Իմ քայլը» խմբակցության անունից ունեցած ելույթում հիշեցրեց, որ իրենք են նախաձեռնել «Ատելության դեմ պայքարի հանձնաժողովի» ձևավորումը, որից վերջերս դուրս եկան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։