Մարտի 13-14 «Իմ Հայաստան» ծրագիրը, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը համատեղ կազմակերպում են «Վառ անցյալ, վառ ապագա Վայոց ձորի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողով։

Ինչպես հայտնում են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանից՝ գիտաժողովի նպատակն է վերհանել Վայոց ձորի մարզի պատմամշակութային ժառանգությունը, որի նմուշների մի զգալի մաս՝ նախապատմական ժամանակներից մինչև 20-րդ դար, հարուստ նմուշներով ներկայացված է Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում։

Այն իր տեսակի մեջ առաջին միջազգային գիտաժողովն է, որն անցկացվելու է Վայոց ձորի մարզում:

Գիտաժողովին մասնակցելու են հայաստանյան և արտասահմանյան տարբեր գիտական կազմակերպություններ ներկայացնող թվով չորս տասնյակ առաջատար ուսումնասիրողներ, ովքեր ներկայացնելու են Վայոց ձորին առնչվող գիտական զեկույցներ՝ հնագիտության, ազգագրության, մշակութաբանության, պատմության, ճարտարապետության, արվեստի և այլ թեմաներով։

Գիտաժողովը տեղի կունենա Վայոց ձորի մարզպետարանում։ Մասնակիցների համար առաջին օրվա ավարտին կկազմակերպվի շրջայց Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ն Խաչատուրյանը, Վայոց ձորի մարզպետ ԱԳրիգորյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դ. Գրիզերը, «Իմ Հայաստան» ծրագրի տնօրեն Ս. Մխիթարյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պ. Ավետիսյանը, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի տնօրեն Կ. Ազատյանը։

Միջոցառումը տեղի կունենա Շահումյան 5 հասցեում գործող Վայոց ձորի մարզպետարանում, մարտի 13-14 ժամը 11:00-19:00։

Բացումը տեղի կունենա մարտի 13-ին, ժամը 11:00-ին։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Քրիստինա Հարությունյանին, «Իմ Հայաստան» ծրագրի հաղորդակցության մասնագետ | +37455050168 [email protected]

Ներկայացնենք «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագիրը

2015թ. մեկնարկած «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից:

Ծրագիրն աջակցում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը՝ խթանելով կայուն և դինամիկ տուրիզմի զարգացումը մարզերում։