ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության (Պենտագոն) խոսնակ Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից կարող է ձեռք բերել «Patriot» ՀՕՊ համակարգեր, այն պայմանով, որ հետ վերադարձնի Ռուսաստանից գնած «S-400» համակարգերը: Այս մասին գրում է regionmonitor-ը։

Հոֆմանը մասնավորապես ասել է.

«Այս հարցում նախարար Էսպերի դիրքորոշումը հստակ է, Թուրքիան չի կարողանա «Patriot» գնել այնքան ժամանակ, մինչև հետ չվերադարձնի «S-400»-ները»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի բազմաթիվ անդամ երկրներ բազմիցս Թուրքիային զգուշացրել են չգնել ռուսական արտադրության համակարգերը՝ շեշտելով, որ դրանք հնարավոր չէ ինտեգրել դաշինքի ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգին: ԱՄՆ-ն էլ մտավախություն ունի, որ Ռուսաստանը «S-400» համակարգերի միջոցով Թուրքիայում կարող է F-35 կործանիչների որոշ առանձնահատկությունների մասին տեղեկություններ կորզել, ինչի պատճառով էլ Վաշինգտոնի նախաձեռնությամբ Թուրքիային դուրս թողեցին ՆԱՏՕ-ի անդամ մեկ տասնյակ երկրի կողմից իրականացվող F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրից:

Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերջին շրջանում հայտարարում էր, որ երկրի ՀՕՊ համակարգերի պահանջարկը ռուսական «S-400»-ներով չի բավարարվում, և իրենք պատրաստ են գնել ամերիկյան «Patriot» համակարգեր, եթե իրենց դրանք վաճառվեն: