Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Երկու օր է, ադրբեջանական գեներալական վերնախավը, այդ երկրի զինված ուժերի ղեկավարի գլխավորությամբ, գտնվում է «առաջնագծում»՝ քաջալերելու զինծառայողներին: Ադրբեջանական քարոզչամեքանայի մասին շատ է խոսվել, բայց այս դեպքում ամեն ինչ հասել է գագաթնակետին: Փորձ է արվում հանրությանը ցուցադրել, որ բանակում ամեն ինչ կարգին է, որ բանակը բնականոն հունով իր գործառույթներն է իրականացնում, սակայն ստացվում է հակառակ էֆեկտը:

Հասանելի աղբյուրներից ստացվող նյութերը վերլուծելով տեսնում ենք, որ այս երկու օրը գեներալական անձնակազմը ոչ մի շարքայինի, սերժանտի, զորամասային սպայական կազմի չի հանդիպում: Ամեն ինչ ընթանում է զինտեխնիկայի, բոլորովին նոր զորանոցների ֆոնին 10-12 հոգանոց շքախմբով նկարահանումներով: Գեթ մեկ զինվոր ոչ մի տեղ չի երևում, գեթ մեկ ոչ բարձրաստիճան սպա ոչ մի տեղ չի երևում, այնպիսի տպավորություն է, որ ողջ զորքին հանել են տարածքից և իրենք իրականացնում են շրջայց: Իսկ թե ինչո՞ւ եմ առաջնագիծը չակերտների մեջ գրել, քանի որ ոչ մի դիրք մինչև այս պահը չեն այցելել...»: