Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ Երևանում բոլոր տրանսպորտային միջոցները, անկախ սեփականության պատկանելիությունից, ախտահանվում են ամենօրյա ռեժիմով՝ նշելով, որ ախտահանումը կատարվում է միջազգային նորմերի համաձայն:

Փոխքաղաքապետի խոսքով՝ վարորդներն ամեն առավոտ ջերմաչափվում են, տարիքային բարձր շեմ ու քրոնիկ հիվանդություններ ունեցողներին հորդորվել է աշխատանքի չգալ: Պակասել է ոչ միայն վարորդների թիվը, այլև ուղևորահոսքը:

«Եթե մինչ այս սովորական պայմաններում Երևանի մետրոպոլիտենն ունենում էր օրական 75,000 ուղևորափոխադրում, այս պահին ունի մոտ 15,000: Ուղևորահոսքը կրճատվել է 5 անգամ: Ավտոբուսներում նախկինում ուղևորահոսքը հասնում էր 70,000-ի, այժմ՝ մոտ 20,000 է»,- ասել է Հարությունյանը:

Նա հայտնել է նաև, որ նախկինում օրական 850-900 միկրոավտոբուս էր դուրս գալիս երթուղի, իսկ արտակարգ դրության պայմաններում՝ 500: Չնայած դրան, փոխքաղաքապետի խոսքով, մայարաքաղաքում չկա տրանսպորտից զրկված թաղամաս:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, պատասխանելով երթուղին սպասարկող ընկերությունների եկամուտների նվազման պարագայում գործունեությունը դադարեցնելու կամ խիստ կրճատելու հավանականության մասին հարցին, ասել է, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գտնվող «Երևանի ավտոբուսն» ՓԲԸ-ն ունի ռեզերվային ավտոբուսներ:

Ըստ Կարապետյանի՝ դրանք պահվում են հենց կոլապսային իրավիճակներից խուսափելու համար: Նշվել է նաև, որ կապված արտակարգ իրավիճակի հետ, նվազել է նաև վարորդներից գանձվող օրական «պլանը»:

Փոխքաղաքապետն ասել է նաև, որ հստակ թիվ չկա, թե Երևանում քանի քաղաքացի է տանն ինքնամեկուսացած, սակայն այն քաղաքացիները, որոնք եղել են երկրորդ կարգի կոնտակտավոր կամ ունեցել են ջերմություն, բայց ում մոտ կորոնավիրուս չի հաստատվել, ինքնամեկուսացված են տանը և վերահսկվում են առաջնային օղակի՝ պոլիկլինիկայի բժիշկների կողմից: Հարությունյանը տեղեկացրել է, որ բժշկական ցուցում ունենալու դեպքում Երևանի պոլիկլինիկաներում քաղաքացիները կկարողանան անվճար ռենտգեն հետազոտություն անցնել: