Երեկ՝ մարտի 23-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից հետախուզում է հայտարարվել ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։

Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի համայնքներից մեկի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնները զբաղեցրած պաշտոնատար անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դրա օգտագործմամբ յուրացրել առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝ 233,470,000 դրամ արժողությամբ՝ Երևանի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը:

Նախանշած հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով՝ հիշյալ պաշտոնյան նախ գործող օրենսդրության դրույթների և ընթացակարգերի կոպիտ խախտմամբ, պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, ավագանու ապօրինի որոշման հիման վրա 2008 թ. դեկտեմբերի 25-ին ապահովել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթացը։ Ապա 2009 թ. մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա 228.3 քմ. մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո, նշված անշարժ գույքը ակնհայտ անհամարժեք հատուցմամբ՝ ընդամենը 23,120,000 դրամով, օտարվել է, իսկ 2011թ. փետրվարի 2-ին առուվաճառքի պայմանագրով 24,000,000 դրամով գրանցվել է հիշյալ պաշտոնյայի հոր անվամբ, այնուհետև, կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ վերագրանցվել է որպես որդու սեփականություն:

Կատարվածի արդյունքում՝ ոչ միայն հեղինակազրկվել են տեղական ինքնակառավարման մարմինները ու խաթարվել դրանց բնականոն գործունեությունը, այլև դադարեցվել է առանձին նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը՝ առաջացնելով ծանր հետևանքներ, իսկ նշված պաշտոնատար անձը պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է ՀՀ պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 233,470,000 դրամ արժողությամբ անշարժ գույքը:

Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով հիշյալ պաշտոնյան ներգրավվել է որպես մեղադրյալ և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա լքել է Հայաստանի տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միևնույն ժամանակ ձեռք են բերվել նաև տվյալներ 27 անշարժ գույքեր նույն եղանակով օտարելու և յուրացնելու վերաբերյալ։ Ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մեղադրյալին հայտնաբերելու, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։