Նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալի հետ, անդրադառնալով կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, քննարկել է դեղագործության ոլորտում երկու երկրի գործակցության հնարավորությունը։

Նշելով, որ Հնդկաստանը մեծ զարգացում և առաջընթաց է արձանագրել կենսաբանության, մասնավորապես՝ մոլեկուլային կենսաբանության, դեղագործության, այդ թվում՝ ջեներիկ դեղերի արտադրության ասպարեզում, ինչը կարևոր նշանակություն կարող է ունենալ հատկապես ներկայիս իրավիճակում, նախագահ Սարգսյանը դեսպանի հետ քննարկել է գործակցության հնարավորություններն այս ոլորտներում:

Հանրապետության նախագահը և Հնդկաստանի դեսպանը մտքեր են փոխանակել նաև կորոնավիրուսի տարածման հետևանքով տնտեսությանը հասցվող հսկայական վնասների նվազեցման և տնտեսության վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների, սոցիալական բեռի թեթևացմանը, աշխատաշուկայի խնդիրների լուծմանը միտված քայլերի մասին: