ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է սոցապ ծառայության առցանց դիմումների կայքը, որի միջոցով կարելի է տեղեկանալ Կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցծրագրերի շահառու է անձը, թե` ոչ:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով տվյալները՝ կարելի է տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ ցուցակում ներառված լինել կամ չլինելու մասին։

«Ծրագրերի շահառու հանդիսանալու դեպքում կտեսնեք նաև այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվել է ձեզ համար նախատեսված գումարը: Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ տվյալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ միանվագ աջակցությունը»,- ասվում է գրառման մեջ:

Գումարը բանկում հասանելի կլինի երեք ամիս, եթե այդ ընթացքում դրա հանդեպ պահանջ չառաջադրվի, այն հետ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե:

«Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն» (4-րդ միջոցառում) ծրագրի շահառուների ցանկը, ամբողջական չէ և պարբերաբար թարմացվում է:Ուստի, Ձեր տվյալները ցանկում չգտնելու պարագայում, փորձեք դրանք վերստուգել որոշ ժամանակ անց»,- ասվում է գրառման մեջ: