ՀՀ-ում մարտ ամսին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին 62 ահազանգ է ստացվել, ապրիլի առաջին 7 օրվա մեջ՝ 18, հայտարարել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Նա նշել է, որ ապրիլի 6-ին տեսչական մարմնում ստեղծվել է աշխատանքային խումբ առցանց վաճառվող սննդամթերքի որակը վերահսկելու համար։

Ավետիսյանը հայտնել է, որ ՀՀ-ում գործող գրեթե բոլոր մեծ արտադրամասերն ուղարկում են իրենց ամենօրյա սանիտարահիգիենիկ գործունեությունից ֆոտո և վիդեո հաշվետվություններ։

Անդրադառնալով Daroink ընկերության աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակման լուրին՝ նա նշել է, որ արտադրամասում վարակվել է մենեջերներից մեկը, որը, սակայն արտադրության գործընթացի հետ կապ չունի։

ՍԱՏՄ ղեկավարի խոսքով՝ Գեղարքունիքում հանրային սննդի երկու կետի գործունեությունը դադարեցված չի եղել, սակայն ապրիլի 6-ից դրանք իրականացնում են միայն առաքում։ Ավետիսյանը հայտնել է, որ մինչև ապրիլի 7-ը միայն մեկ տնտեսվարողի գործունեություն է կասեցվել։

Նրա խոսքով ՍԱՏՄ տեսուչները շրջում են խանութներում և սննդամթերքի վաճառքով զբաղվող կառույցներում՝ վերահսկելով անհրաժեշտ և պարտադիր պահանջների կատարումը։