Լիբանանի «Հիզբոլլահ» կուսակցության կամավոր մարտիկ Ահմեդը դարձել է «Սրբազան պաշտպանություն» համակարգչային խաղի հերոսը։ Այդ խաղի շնորհանդեսը տեղի է ունեցել չորեքշաբթի Բեյրութում:

Շիա ուխտավորը, ով Սիրիա է ժամանել իսլամական սրբավայրերին խոնարհվելու, Դամասկոսի մոտ գտնվող Սեյիդ Զեյնաբ մզկիթում է հայտնվում այն պահին, երբ նրա վրա են հարձակվում ահաբեկիչները: Ահմեդը կարողանում է զենք գործածել և նրանց դեմ խիզախորեն մարտի մեջ մտնել: Այնուհետև նա հակառակորդին հետապնդում է Սիրիայի ամբողջ տարածքում՝ մասնակցելով Պալմիրայի, Հալեպի, Դեր Զորի մարտերին և իր առաքելությունն ավարտում է հայրենի Լիբանանի սահմանին ահաբեկիչներին ոչնչացնելով:

Հասան Ալյամը՝ խաղի հեղինակը, նշել է, որ խաղի հիմքում դրված է «Պարտքի ձայն» բեսթսելերի սյուժեն, որը հանրահայտ է «Հիզբոլլահի» կողմնակիցների թվին պատկանող տեղական երիտասարդների շրջանում: