ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում կայացած համապետական ընտրությունների վերաբերյալ՝ նշելով, որ ՀՀ-ն սերտորեն կգործակցի խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող իշխանությունների հետ և հետևողականորեն կպաշտպանի Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց որևէ սահմանափակման։

«Ժողովրդավարական և մրցակցային գործընթացի արդյունքում Արցախի ժողովուրդն ընտրել է իր նոր նախագահին և խորհրդարանի անդամներին: Արցախի նոր իշխանությունների ձևավորումը կարևոր նշանակություն ունի Արցախում մարդու իրավունքների իրացման, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ զարգացման համար»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱԳՆ-ն վստահություն է հայտնել, որ Արցախի նորընտիր իշխանությունները հատուկ պատասխանատվությամբ կստանձնեն բանակցային գործընթացում իրենց առանցքային դերակատարումը: