Կովկասի բնության հիմնադրամը, Շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ, իր աջակցությունն է ցուցաբերել ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ Սևանա լճում և այլ ջրավազաններում ձկնային պաշարների հետազոտման նպատակով ժամանակակից ձայնախորաչափի գործարկման համար անհրաժեշտ ծրագրային փաթեթի ձեռք բերման գործում: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Աջակցության վերաբերյալ համապատասխան պայմանագիրը կնքվել է CNF-ի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիի և ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի միջև:

CNF-ի կողմից տրամադրվող աջակցությունը կազմել է 12 հազար 400 ԱՄն դոլար: Տրված գումարով ձեռք կբերվի ձկնային պաշարների հետազոտման նպատակով կենտրոնի կողմից գնված ձայնախորաչափի գործունեությունն ապահովող ծրագրային փաթեթը:

CNF-ը կարևորում է Հայաստանի ջրային ավազանների, մասնավորապես, Սևանա լճի ձկնային պաշարների գիտական հենքով հետազոտությունը և այդ կարևորագույն գործում նորագույն տեխնոլոգիական սարքերի կիրառության անհրաժեշտությունը:

Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է Շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը Հայաստանի եզակի կենսաբազմազանության արդյունավետ պահպանության գործում: