«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի դեպքը Հայաստանում աշխատանքային իրավունքների ու լեգիտիմ ակնկալիքի իրավունքի բացակայության ակնառու (և շատ տխուր) դեպք է:

Նախ, վարչապետը խոստանում է, որ կարի ֆաբրիկաների աշխատանքի արգելքը ապրիլի 20-ից հետո կվերացվի: Դա չարվեց, սակայն ապրիլի 21-ին ֆաբրիկայի ղեկավարությունը կազմակերպեց աշխատակիցների «ինքնաբուխ» աշխատանքի գալը:

Ոստիկանությունը փորձում էր ցրել հարյուրավոր աշխատակիցներին: Վերջում, բացի ֆաբրիկայի սեփականատերից, արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար նվազագույնը 100 հազար դրամ տուգանվեցին նաև աշխատակիցները:

«Գլորիայի» աշխատողների մեծ մասի համար 100 հազար դրամ տուգանքն ամսական աշխատավարձից ավելի է: Բայց այդ խեղճ աշխատողները չէին էլ կարող աշխատանքի չգալ, քանի որ սարսափելի կախված են գործատուից:

Արդյունքում «Գլորիայի» ղեկավարության՝ արտակարգ դրության դեմ սաբոտաժի արդյունքները ջարդվեցին խեղճ աշխատողների գլխին: Իսկ վարչապետի խոստում տալու արդյունքում ձևավորված լեգիտիմ ակնկալիքի չիրականանալու մասին խոսացող էլ անգամ չկա»: