Ռուսական «Ural Airlines» ավիաընկերության օդանավը ՀՀ 230 քաղաքացիների այս պահին Ռուսաստանից տեղափոխում է հայրենիք: Այս պահին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: Առավոտյան ինքնաթիռը ՌԴ մայրաքաղաքից մեր քաղաքացիների հետ մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ վերցրել է Հայաստան վերադարձող ուղևորների մեկ այլ խմբի և այժմ դեպի Երևան ճանապրհին է:

Չնայած նախատեսվում էր, որ օդանավը «Զվարթնոցում» վայրէջք կկատարի 19:30-ին, վերջինիս կայքից տեղեկանում ենք, որ այն կուշանա մինչև 20:24: Այս պահին ինքնաթիռը դեռ գտնվում է Ռուսաստանի օդային տարածքում:

Սա Ռուսաստանից կազմակերպվող 7-րդ տեղափոխությունն է: Հիշեցնենք, որ 4 խումբ Երևան է տեղափոխվել Մոսկվայից, 1-ական՝ Կրասնոդարից ու Դոնի Ռոստովից:

Դեսպանությունը հայտնել է, որ ինքնաթիռով Հայաստան են տեղափոփվում նաեւ ռուսական կողմից ՀՀ առողջապահության նախարարության համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագենտներն ու մեր հայրենակիցների կողմից հումանիտար օգնության շրջանակներում հավաքագրված առաջին անհրաժեշտության պարագաները։

Դիվանագիտական կառույցը շնորհակալություն է հայտնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ վերադարձող քաղաքացիներին տոմսերով ապահովելու համար:

Հայաստան վերադարձողները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: