Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկարաձգել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների ժամկետները։

Ապրիլի 23-ին ընդունված որոշմամբ սահմանվել է, որ մասնագիտական հանձնաժողովը մինչև 2020թ-ի դեկտեմբերի 31-ը պետք է մշակի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովի դրա հանրային քննարկումը և ներկայացնի վարչապետի աշխատակազմին։

Որոշման երկրորդ կետով սահմանվում է, որ հանձնաժողովը մինչև 2021թ-ի հունիսի 30-ը պետք է մշակի և վարչապետի աշխատակազմ ներկայացնի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։

ՀՀ-ում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հետաձգվում է ապրիլի 5-ին նշանակված՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Վարչապետն ասել էր, որ այն կկայանա արտակարգ դրության ավարտից ոչ շուտ քան 50 օր և ոչ ուշ քան 65 օրվա ընթացքում։