Այսօր XX դարի հայ պոեզիայի լեգենդար դեմքերից մեկի՝ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է: Նա հիանալի ձևով ներկայացրել է հայրենիքի, բնության, մայրական սիրո և այլ թեմաներ:

Հովհաննես Շիրազը ծնվել է Գյումրիում։ Փոքր տարիքում կորցրել է հորը, մանկությունն անցկացրել որբանոցում:

1925-1932թթ. սովորել է ծննդավայրի 7-ամյա դպրոցներից մեկում, այնուհետև աշխատել է տեքստիլ կոմբինատի «Մանածագործ» թերթում, որտեղ էլ 1932թ. տպագրվել են նրա առաջին բանաստեղծությունները:

1941թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1956թ.՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1941-1945թթ. աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում:

1935թ. լույս է տեսել Շիրազի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Գարնանամուտը», որին հաջորդել են «Սիամանթո և Խջեզարե» (1935թ.) վիպերգը, «Արևի երկիր» (1938թ.) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940թ.), «Բանաստեղծի ձայնը», «Երգերի գիրք» (երկուսն էլ՝ 1942թ.), «Լիրիկա» (1946թ.) ժողովածուները, «Բիբլիական» խոհափիլիսոփայական պոեմը (1946թ.) և այլն:

Շիրազը մահացել է Երևանում՝ 1984-ի մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։