«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն է տարածել, ըստ որի երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom-ը:

«Վերջին 12 տարիներին կապի և հեռահաղորդակցության Ucom ընկերության զարգացումն ու հզորացումը մեր թիվ մեկ առաջնահերթությունն է եղել, որի համար գործընկերների հետ համատեղ ներդրել ենք սոցիալական կապիտալ, ռեսուրսներ, անհնարինին հասնող ջանքեր և էներգիա։ Բնականաբար, ավելորդ եմ համարում նշել, որ երբևէ չենք դիտարկել ընկերությունը որևէ երկրի կամ կողմերին վաճառելը՝ գիտակցելով հայկական տելեկոմ ունենալու կարևորությունն ու քաղաքացիների առաջ ստանձնած պատասխանատվությունը։

Սակայն երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իմ առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Ավելին, որպես պահանջի մաս ներկայացվել է մեր մյուս կարևոր գործունեության՝ հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերության օտարումը ևս։ Ապօրինությունների բաղկացուցիչ մասն է կազմել բոլոր գույքերի, այդ թվում նաև ընկերություններում բաժնեմասերի վրա դրված անօրինական կալանքը։ Սպառնալիքները հասել են ընդհուպ մինչև այն կետին, որ խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում, որի արդյունքում, ըստ նրանց, ստիպված կլինենք համաձայնություն տալ վաճառելուն՝ այն էլ, առավելագույն ցածր գնով։

Ես փորձել եմ ողջամիտ լուծումներ առաջարկել, քանի որ գիտակցում եմ ոչ ստաբիլության կործանարար հետևանքները մեր ընկերությունների 3000 աշխատակիցների, տեղական և միջազգային գործընկերների , ընթացիկ և ավարտական փուլում գտնվող հանրային նշանակության նախագծերի վրա ։ Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմնեիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Գուրգեն Խաչատրյանը նաև նշել է, որ «անօրինությունները, նման բացահայտ եղանակով տեղի են ունենում 2020 թվականին, բաց տեղեկատվության ժամանակներում», նաև երկրում կորոնավիրուսի հետևանքով արտակարգ դրության պայմաններում, երբ տնտեսության զգալի մասը հարվածի տակ է, այդ թվում՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը։

«Քանի որ իրավական եղանակով պաշտպանվելու գործիքակազմը երկրի ներսում սպառվել է, մենք ստիպված են հանրայնացնել այս գործընթացը և դիմել միջազգային հարթակների։ Հանգամանքերից ելնելով այսօր հանրայնացնում ենք միայն մեկ դիպվածի մասին, սակայն, պետք է իմանաք, որ հատվել են իրավական ու բարոյական սահմաններ, ինչն ամբողջությամբ արձանագրված է ու ինչը դեռ կներկայացնենք։ Կոչ ենք անում ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին, ՀՀ-ում գործող տեղական և միջազգային բիզնես ասոցացիաներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և իրավապաշտպան կազմակերպություններին հետևել այս գործընթացին և գնահատականներ տալ»,- ասվում է հայտարարության մեջ։