Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը, որի նպատակն է բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելը:

Աշխատանքները կներառեն ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների տնկման և ծառատունկի տարածքի ցանկապատման աշխատանքները։ Շահառու են հանդիսանում Հայաստանի այն քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր կմասնակցեն նշված աշխատանքներին:

«Երեք կազմակերպություններ ներգրավված կլինեն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Էյ Թի Փի»-ն և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ը։ Վերջին երկուսը համայնքներում ծառատնկման աշխատանքների լայն փորձ ունեն և «Հայանտառ»-ը՝ իր տարածքներում։ Նախատեսվում է, որ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար 50 դրամ կվճարվի։ Մեկ հեկտարի հաշվով մոտ 10,000 կտրոն կտեղադրվի»,- նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Առաջարկվում է Հայաստանի բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը և այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր, ինչը կմեղմի բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։

Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման և տնկման, ինչպես նաև ցանկապատման աշխատանքներ։

Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը մոտ 200 մլն դրամ է։

«Մտադիր ենք այս ծրագիրը դարձնել շարունակական, որը սեզոնայնություն ունի և կապված է ծառերի տնկման սեզոնի և պայմանների առկայության հետ»,-նշեց վարչապետ Փաշինյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էլ հիշեցրեց, որ նախորդ տարի արդեն սեզոնային աշխատանքը նաև համատեղելու հնարավորություն են ընձեռել սոցիալապես անապահով ընտանիքներին։

«Պետք է խրախուսեմ, որ քաղաքացիները դիմեն առանց այդ մտավախությունն ունենալու։ Կազմակերպություններին պիտի խնդրեմ, որ ներգրավեն հատկապես այն ընտանիքի անդամներին, որոնք ունեն այս խնդիրը»,- նշեց Զարուհի Բաթոյանը։