3 մլրդ դրամ կհատկացվի աղետի գոտում բնակելի տներ կառուցելուն։ Որոշումը կայացվել է կառավարության նիստում և վերաբերում է, մասնավորապես, Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի 229 ընտանիքի։

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը նշել է, թե կոնկրետ որքան գումար կհատկացվի յուրաքանչյուր մարզին։

1 մլրդ 868 մլն դրամը կուղղվի Լոռու մարզի 162 ընտանիքի, որից 153-ը՝ բնակելի տան շինարարություն կիրականացնի, 9-ը՝ բնակարաններ կգնի (ԲԳՎ)։

988 մլն դրամը կուղղվի Շիրակի 59 ընտանիքի, 55-ը՝ տուն կառուցելու և 4-ը՝ ԲԳՎ, իսկ 143 մլն դրամը կուղղվի Արագածոտնի մարզի 8 ընտանիքի համար բնակելի տուն կառուցելու համար։

Բնակելի տները պետք է կառուցվեն մինչև 2021-ի ավարտը, իսկ ԲԳՎ-ով բնակարան ձեռք բերելու վերջնաժամկետը 2020-ի դեկտեմբերի 20-ն է։