Գործադիրն այսօր հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։

«Նախարարությունը իրականացրել է ոլորտի ներկա իրավիճակի ուսումնասիրություն, հարցում է իրականացրել 185 ընկերությունների շրջանակում և վերլուծություն, որի արդյունքում պարզվել է, որ հարցմանը մասնակցած ընկերություններից 54 %-ի մոտ ֆինանսական շրջանառության առումով բացասական արդյունքներ են գրանցվել, իսկ մարդկային ռեսուրսի զբաղվածության ցուցանիշով ընկերությունների միջինում 45 %-ի մոտ առաջացել են ազատ ռեսուրսներ»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Ըստ նախարարի՝ հարցմանը մասնակցած ընկերությունների 74 %-ը պատրաստակամություն է հայտնել մշակել նոր տիպի արտադրանքներ կամ վերամասնագիտանալ և ապրանքատեսակների ստեղծման մեջ ներդրումներ կատարել։

Միջոցառման շահառու հանդիսանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսվարողները, որոնք՝

  • համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,
  • հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ,
  • հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։

Հայտերի գնահատումն իրականացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատվող անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովները, որոնք կազմված են ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից և պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։

Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձևով` շահառու հանդիսացող՝ մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին:

Դրամաշնորհները կլինեն նորարարական՝ առավելագույնը 10 մլն դրամի չափով, որոնց կարող են դիմել վերջին 2 տարում Հայաստանում գրանցված և պրոդուկտներ ստեղծող տնտեսավարողները, կայացած ընկերությունների դրամաշնորհներ՝ առավելագույնը 20 մլն դրամի չափով, որոնք կտրվեն 2 տարուց ավել Հայաստանում գրանցված և ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերություններին, որոնք պատրաստ են մշակել պրոդուկտներ, և համաֆինանսավորման դրամաշնորհներ՝ 100 % համաֆինանսավորման չափով, սակայն ոչ ավել քան 30.0 մլն դրամը, որոնք կտրվեն տեխնոլոգիական ընկերություններին, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ։